Հասարակություն

ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ մամուլի հրատարակումների՝ նշված հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։