Կառավարությունը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին հողամաս կնվիրաբերի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար տներ կառուցելու նպատակով. նախագիծն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում։
«Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, համագործակցելով Տաթև համայնքի ՏԻ մարմինների հետ, նախատեսում է Սվարանց գյուղում իրականացնել գյուղի զարգացման ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած և սույն ծրագրի շահառու դառնալու համաձայնություն տված 20 ընտանիքի համար 20 տան կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում»,- նշված է հիմնավորման մեջ։
Տաթևի ղեկավարությունը նախատեսում է համայնքային սեփականության 3.4 հա հողամասն անհատույց նվիրաբերել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին: