Հասարակություն

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊՆ-ն առաջարկում է հնարավորություն տալ համապատասխան վճարի դիմաց պարտադիր զինծառայություն անցնել 2 տարուց պակաս. նախագիծն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է նախարար Սուրեն Պապիկյանը։  

«Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով»,- նշել է նա։  

Նախագծով առաջարկվում են նաև հետևյալ փոփոխությունները.  

Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 37 տարեկան։  

Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։ 

Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ՊՆ-ն առաջարկություններ է արել նախագծում փոփոխություններ անելու վերաբերյալ։ 

Նախարարությունն առաջարկում է 1 ամիս ծառայության դեպքում վճարը դարձնել 24 մլն դրամ, 6 ամսվա փոխարեն էլ ծառայության տարբերակ լինի 4 ամիսը՝ 18 մլն դրամ վճարով, զորակոչային տարիքն էլ սահմանել 37-ի փոխարեն 32 տարեկան։ 

Նախարարը նշեց, որ նախագծի հեղինակը համաձայնել է փոփոխություններին, ու դրանք կարվեն առաջիկայում։