Հասարակություն

Պետական լիցենզավորված, պատրաստ մի նախագիծ այսօր անտեսվում է ոչ պրոֆեսիոնալ կառավարման պատճառով

«Armenia Financed» («ԱՌՖԻ») ներդրումային ընկերությունը, որի համակարգումն իրականացվում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և նրա Մոսկվայի ներկայացուցչության միջոցով, հայտնվել է լուծարման շեմին։ Մինչդեռ, այս ընկերությունը մեծ կարևորություն ունի Հայաստանի ներդրումային դաշտի համար։

2022 թվականի նոյեմբերին Հայաստանի ներդրումային միջավայրում կարևոր իրադարձություն եղավ. Կենտրոնական բանկը գրանցեց և լիցենզավորեց «Armenia Financed» (ԱՌՖԻ) ներդրումային ընկերությունը։ Սա առաջին պետական մասնակցությամբ ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն էր ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մասշտաբով։ Նախագիծը խոստանում էր իր նորարական լուծումներով արմատապես վերափոխել Սփյուռք-Հայաստան տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը։

ԱՌՖԻ-ի խնդիրն էր՝ ապահովել սփյուռքից Հայաստան ուղղակի ներդրումների կայուն հոսք։ Հարթակը առաջարկում էր լիարժեք թվայնացված համակարգ՝

  • Հեռակա նույնականացման հնարավորություն։
  • Հաշիվների բացում դեպոզիտարիայում առանց ֆիզիկական ներկայության։
  • Մասնակցություն ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ակտիվներում ներդրումներին։ 

Նախագծով նախատեսվում էր ներգրավել մինչև 3.9 միլիարդ դրամ ներդրում՝ ընտրված ավելի քան 300 հայտերից հաստատված 13 նախագծերում։ Փորձ էր արվում Սփյուռքը դիտարկել ոչ միայն որպես հայրենասիրական ռեսուրս, այլև որպես գործնական, պատասխանատու ներդրող, որը պատրաստ է մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը՝ գործնականում։

ԱՌՖԻ-ի նախագծի մշակումը տևել է մոտ չորս տարի, գործընթացին ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ներառյալ պետական հաստատություններ, իրավաբաններ, տեխնոլոգիական և ֆինանսական վերլուծաբաններ։

ԱՌՖԻ-ն փորձում էր դառնալ հայկական ներդրումային համակարգի նորարարական օղակ՝ խթանելով ստարտափների, փոքր բիզնեսների և տեխնոլոգիական նախագծերի զարգացումը։

Այսօր, սակայն, ընկերությունը հայտնվել է փլուզման շեմին։ Նախագիծը փոխանցվել է նոր ղեկավարությանը։ Կառույցը կանգնել է զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության բացակայության խնդրի առաջ։ Ավելին` հարթակը վաճառելու անհաջող փորձեր են եղել։ Խոսվում է լուծարման փորձերի մասին։ Այդ պարագայում ստացվում է, որ տարիների պետական ներդրումներն ապարդյուն են անցել։

Փաստացի պետական լիցենզավորված, պատրաստի մի նախագիծ անտեսվում է, որի ելակետում պրոֆեսիոնալ կառավարման և պատասխանատվության բացակայությունն են։

Մինչդեռ, ԱՌՖԻ-ն պոտենցիալ ուներ վերածվելու Հայաստանի ներդրումային ճանաչելիության առանցքային բաղադրիչի, ինչպիսիք են բանկային կամ ՏՏ ոլորտները։ Այն կարող է դառնալ համակարգային լուծում, նորարար մոտեցում, սփյուռքահեն տնտեսական շարժման հիմք։