Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Ռոք Բերի» ընկերութունը հիմնադրվել է 2018 թ.-ին, սկզբում ջերմատան մակերեսը կազմել է 5 հա, ներկայում ջերմատնային համալիրի տարածքը կազմում է 11 հա, որում մշակվում է ելակ և քաղցր պղպեղ։ Ընկերությունն ունի նաև 6 հա ազնվամորու, մոշի և հապալասի այգիներ։
Արտադրության տարեկան ծավալը կազմում է մոտ 1500 տոննա քաղցր պղպեղ, 800-850 տոննա ելակ և մոտավորապես 50 տոննա այլ հատապտուղներ։ Հասույթի ծավալը աստիճանաբար աճում է և 2025 թ․ այն կկազմի մոտ 2,8-3 մլրդ դրամ։ Ընկերությունն ունի շուրջ 200 աշխատակից։
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին։ Գործունեության արդիականացման նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության գործիքակազմից, ինչպես նաև մաքսատուրքից ազատման արտոնությունից։
Արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, վերջին տարիներին ավելանում են դեպի արաբական երկրներ արտահանման ծավալները: