Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը (ANIF), որը 2019 թվականից խոշոր և առաջատար ինստիտուցիոնալ կառույց էր միջազգային ներդրումների ներգրավման ոլորտում, 2024 թվականին լուծարվեց՝ առանց պաշտոնական հիմնավորման: Սա տեղի ունեցավ՝ չնայած հիմնադրամի արձանագրած շոշափելի արդյունքներին: ANIF-ի կազմալուծման պատճառները խորապես կապված են Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վարած քաղաքականության, միջամտությունների և իր անձնական վերահսկողության հաստատման ձգտումների հետ:
Վահան Քերոբյանի վերահսկողական փորձերը
Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո Վահան Քերոբյանը հետևողական փորձեր սկսեց՝ ANIF-ը անցկացնելու նախարարության և անձամբ իր վերահսկողության տակ: Տևական ջանքերից հետո նրան հաջողվեց հիմնադրամը տեղափոխել նախարարության ուղիղ ենթակայության ներքո՝ փորձելով անձամբ վերահսկել ու կառավարել ANIF-ի գործընկերային կապերը:
Դա տեղի ունեցավ ղեկավար կազմի փոփոխության արդյունքում, ինչը, ըստ էության, թանկ գին էր հիմնադրամի համար, քանի որ դրա հետևանքով ANIF-ի միջազգային հիմնական կապերը սառեցին, ապա՝ լիովին ընդհատվեցին։ Վստահելի, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների փոխարեն կառույցում սկսեցին հայտնվել համապատասխան փորձի ու կապերի պակաս ունեցող անձինք: Արդյունքում՝ հիմնադրամը կորցրեց իր արդյունավետ կառավարման մոդելը և միջազգային գործընկերների վստահությունը:
Քերոբյանի միջամտությունների հետևանքները
Քերոբյանը ձգտում էր վերահսկել խոշոր գործընկերների հետ հարաբերությունները և հատկապես դա արտահայտվեց Air Arabia-ի, Masdar-ի և Orbis-ի հետ հարաբերություններում: Նպատակը թերևս այն էր, որ նա ցանկանում էր դառնալ ներդրումային քաղաքականության միանձնյա համակարգող: Նախկին նախարարը թերևս մտածում էր, որ հիմնադրամի ուղիղ վերահսկողությունը երաշխավորում էր միջազգային այդպիսի կապերի ուղիղ փոխանցում իրեն։ Սակայն նրա մոտեցումը հանգեցրեց հակառակ արդյունքի: Միջազգային ներդրումային հարաբերություններ զարգացնելու հարցում անկարողությունը, ինչպես նաև նրա սխալ ներկայացվածությունը, հանգեցրին նրան, որ մի շարք միջազգային ընկերություններ սառեցրին շփումները:
Այսօր Masdar ընկերության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախատեսված խոշոր ծրագիրը գտնվում է անորոշ վիճակում: Մինչդեռ դա ոչ միայն Հայաստանի մասշտաբով խոշորագույն ներդրումային ծրագիր էր, այլև առաջին հերթին ռազմավարական նշանակության նախաձեռնություն՝ էներգետիկ բազմազանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նույն արդյունքը եղավ խոշորագույն Air Arabia-ի հետ համագործակցության հարցում. ավիաընկերության ղեկավարության հետ հարաբերությունները չստացվեցին. ըստ աղբյուրների՝ հատկապես «տպավորիչ» է եղել Air Arabia-ի ղեկավարության հետ Քերոբյանի հանդիպումը։ Չձևավորվեցին նորմալ միջանձնային հարաբերություններ, գործարար փոխադարձ հետաքրքրությունները երկրորդ պլան մղվեցին։ Ու հատկանշական է, որ այդ հանդիպումից հետո ANIF-ի և Air Arabia-ի գործընկերությունը ավարտվեց, համատեղ նախաձեռնությունը՝ տապալվեց։
ANIF-ը ստեղծվել էր միջազգային հստակ մոդելի տրամաբանությամբ՝ կիսանկախ, ճկուն կառույց, որը պետք է գործեր պետական ֆինանսավորմամբ, սակայն մասնավոր ոլորտի աշխատելաոճով՝ ներգրավելով ներդրումներ և ստեղծելով վստահելի միջավայր: Վահան Քերոբյանի կողմից կիրառված վարչական ճնշումները խաթարեցին այդ մոդելը: Հիմնադրամի ճկունությունն ու միջազգային բաց համագործակցությունների հնարավորությունը փոխարինվեցին նախարարության փակ, վերահսկվող, սակայն չգործող համակարգով: