Հասարակություն

ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։

Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը, իր դուստր ընկերություններով, պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։

ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։

Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։ 

ANIF-ի արդյունքները՝ կոնկրետ թվերով

ANIF-ի գործունեության ընթացքում՝ արձանագրվել են հետևյալ տնտեսական ցուցանիշները՝

  • Ներգրավվել է 210 միլիոն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրում՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։
  • Իրականացվել է 6.9 միլիարդ դրամ տեղական ներդրում։
  • Ապահովվել է 900 միլիոն դրամ մասնավոր համաֆինանսավորում։
  • Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ Հայաստանում։
  • Պետական բյուջե վճարվել է 5.5 միլիարդ դրամ հարկ (2021–2024 թթ. ընթացքում)։
  • Գործարկվել է ARFI ներդրումային թվային հարթակը։
  • Այս բոլոր արդյունքներն ապահովվել են 4.13 միլիարդ դրամ պետական ծախսի դիմաց, ինչը վկայում է միջոցների արդյունավետ օգտագործման և դրական ֆինանսական վերադարձի մասին։

Ովքե՞ր են աուդիտի ենթարկել ընկերությանը

ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ստուգվել են աշխարհի առաջատար աուդիտորական ընկերությունների՝ Grant Thornton Armenia-ի և KPMG Armenia-ի կողմից։ Grant Thornton-ը գործում է ավելի քան 150 երկրում՝ շուրջ 73,000 աշխատակցով։ Հայաստանում ներկայացված է 1993 թվականից՝ ավելի քան 150 մասնագետների թիմով։ KPMG-ը՝ 145 երկրում ներկայացված աուդիտորական ցանց է՝ 275,000 աշխատակցով։ Երկու ընկերություններն էլ հաստատել են, որ ANIF-ի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Չարաշահումներ կամ էական խախտումներ չեն հայտնաբերվել։

Ինչո՞ւ վարկաբեկվեց և լուծարվեց ANIF-ը

Այս հանգամանքներում հիմնադրամի շուրջ տարածված բացասական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական մրցակցությամբ և որոշ խմբերի՝ տնտեսական լծակները վերահսկելու ձգտմամբ։ Հիմնադրամի կիսանկախ մոդելը, որը գործելու որոշակի ազատություն էր տալիս, ընկալվել է որպես խոչընդոտ՝ տնտեսական քաղաքականության լիակատար կենտրոնացման տեսանկյունից։

Բացի այդ, կառավարման կազմում իրականացված կադրային փոփոխությունները, երբ երբեմն նշանակվում էին փորձառությամբ չբացարձակվող անձինք, ևս նպաստել են ներքին խոչընդոտների առաջացմանը։

Անշուշտ, ANIF-ը կարող էր հասնել ավելին։ Հիմնադրամն ուներ ավելի մեծ ներուժ, որը կարող էր իրացվել՝ համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Սակայն դրա գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական միջամտություններով և կառավարման անկայունությամբ։ Եթե ANIF-ը շարունակեր գործել կայուն, ոչ քաղաքականացված միջավայրում, հնարավոր էր ավելացնել ներգրավվող ներդրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել ավելի մեծ տնտեսական ազդեցություն։

ANIF-ի գործունեությունը գնահատելիս պետք է դիտարկել փաստերը, ոչ թե հնչեցված պնդումները։ Կրկնենք՝ պետությունը հիմնադրամի վրա ծախսել է 4.13 մլրդ դրամ, որի դիմաց ապահովվել է 5.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, մոտ 220 մլն դոլար ներդրում, հարյուրավոր աշխատատեղեր և երկարաժամկետ ներդրումային ենթակառուցվածք։ ANIF-ի հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ կառույցում աշխատավարձերը բարձր են եղել։ Սա մի կողմից առաջացնում էր պետական սեկտորի բնական «խանդը», մյուս կողմից, սակայն, պարտադրված որոշում էր, քանի որ ANIF-ը, ըստ էության, չէր մրցակցում պետական հիմնադրամների, այլ միջազգային բանկերի ու ներդրումային կառույցների հետ, որտեղ աշխատավարձերը բնականորեն շատ բարձր են։

Ըստ էության, տարիների ջանքի արդյունքում ստեղծվել էր միջազգային մակարդակի անկախ ներդրումային հիմնադրամ՝ միջազգային կապերով ու տարբեր ուղղություններով համագործակցությամբ։ Շրջափակումների պայմաններում գտնվող երկրի տնտեսությունը միջազգային ներդրումների խիստ կարիք ունի, որոնց պատշաճ ներգրավումն առանց ինստիտուցիոնալ պարզապես անհնար է։