Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ. այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Տրանսպորտի վարչության պետը հայտնել է, որ այս տարի ավտոբուսների առանձնացված գծերի ծածկույթն ընդլայնվելու է մի շարք հատվածներում.
«Մասնավորապես, Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն։ Ներկայումս լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում, դրա ավարտից հետո նոր փողոցների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է նա։
Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի:
«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնի մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես, Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև՝ Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասել է Հարությունյանը։