Հասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենին նկատողություն է հայտարարվել

Հանրային ռադիոյի տնօրենին նկատողություն է հայտարարվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ` հայտարարելով նկատողություն։

ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել են ՊՎԾ-ի կողմից, ինչի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն:

«2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից Հանրային հեռարձակողի խորհրդին հասցեագրված գրությամբ արձանագրվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) գործունեությանն առնչվող օրենսդրական պահանջների առերևույթ խախտումներ: 2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր կերպով պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր: 2025 թվականի մայիսի 12-ին Արմեն Քոլոյանից ստացվել է համապատասխան գրավոր բացատրություն»,- նշված է որոշման մեջ:Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ: Պարզվել է՝ «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու:

Հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը: ՀՌԽ-ն որոշել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն, որոշել է կիրառել նկատողություն՝ հաշվի առնելով․ «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական