Պետական եկամուտների կոմիտեն E-Mark ընկերության հետ համատեղ տնտեսվարողների հետ կազմակերպել է առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացի վերաբերյալ։ Օրենսդրական կարգավորումներից մինչև գործնական կիրառում և վարչարարություն. քննարկման առցանց օրակարգը բավականին ընդգրկուն է։ Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում, բիզնեսը կարճ ժամանակում հնարավորություն է ստացել պարզաբանումներ ստանալ անմիջապես պատասխանատուներից։ Ներկայացվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը համակարգում գրանցելու, պարտադիր դաշտերը լրացնելու հաջորդականությունը և համակարգից օգտվելու առանձնահատկությունները։
ՊԵԿ մասնագետները տնտեսվարողներին տեղեկացրել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ժամկետների հետաձգման Կոմիտեի նախաձեռնության մասին։ Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ հաջորդ խումբ ապրանքների դրոշմավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից՝ 2025 թվականի հունիսի 1-ի և սեպտեմբերի 1-ի փոխարեն։ ՊԵԿ-ն այլ նախաձեռնություն ևս ունի․ նախատեսվում է դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում ներառել նաև ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը։
Նախատեսվող օրենսդրական նոր փոփոխությունների վերաբերյալ Կոմիտեն արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել տնտեսվարողներին։ Իրազեկման միջոցառումների շրջանակում առցանց ձևաչափով քննարկումներն իրականացվում են ամեն շաբաթ։