Հասարակություն

Ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում:

Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս, բացի այդ` հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: