Մայիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերել, և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։
Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է Ford Transit մակնիշի ավտոմեքենայով։ Դեպքի վայրում պարեկները հայտաբերել են արնանման հետքեր, հիվանդանոցի բակում՝ Ford Transit-ը, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված էր։
Ըստ աղբյուրի՝ կասկածներ կան, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։ Հիվանդանոցում ավտոմեքենայի հայտնաբերելու վայրը պարեկները սահմանազատել են։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների, Ford Transit-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ ով էր վարորդը։
Արդյոք վարորդը փախուստի է դիմել, թե ոչ, դա ևս պարզվում է, քանի որ մինչ այս պահը՝ ժամը 22:50, ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք չի ներկայացել ինքնակամ ու հայտնել, որ ինքն է վրաերթի հեղինակը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։