Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։
Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։
Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորեց պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձավ սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։
Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը, շնորհակալություն հայտնելով իրեն վստահված պատվին, ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական և գործարար կապերի խորացմանը։
Ընդունելությանը մասնակցում էին Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների և հայ համայնքի անդամներ, ինչպես նաև գործարարներ։
Միջոցառման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը կատարեց Սինգապուրում բնակվող հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։
Միջոցառման ավարտին ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։