Հասարակություն

Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շարժական ծառայության գործունեությունն էր: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է տարեսկզբին ներդրված պիոլտային ծրագրի ընթացքը, խոսել արդյունքներից:

«Հաշվի առնելով մանկական պալիատիվ ծառայության առանձնահատկությունները, այդ թվում այն, որ երեխաներն ավելի ծանր են տանում մեկուսացումն ընտանիքից, դպրոցից, ընկերներից, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաների համար ստեղծվել է նոր ծառայություն, որի նպատակն է մասնագիտացված օգնությունը տրամադրել տանը, երեխաներին առավել հարմարավետ միջավայրում»,- ընդգծելով ընտանիքակենտրոն մոդելը և կարիքահեն ծառայությունների համալիր մոտեցումը` նշել է Արմեն Գասպարյանը:

Աշխատանքային քննարկման մասնակիցները կարևորել են ծրագրի շարունակականության և ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծել, որ տրամադրվող ծառայությունների որակը կախված է նաև միջգերատեսչական սերտ ու արդյունավետ համագործակցությունից: Նիստը վարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնագետներ: