Հասարակություն

Քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։

Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։

Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։

Գործընկերները ներկայացրել են առաջադրկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։

Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։