Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։
Թունաքիմիկատներ գնելիս՝
- Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա:
- Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով:
Օգտագործման ընթացքում՝
- Օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը:
- Լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով:
- Օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ):
- Լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:
- Չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում:
- Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ:
- Պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում:
- Չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։
Քանի որ դեռևս շարունակվում են ծնողների անուշադրության հետևանքով արձանագրված թունավորման դեպքերը, ԱՆ-ն հորդորում է՝
Պահպանե՛ք դրանք բարձր տեղերում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ և փակվող տուփերում։
Մի՛ պահեք թունաքիմիկատները և քիմիական նյութերը երեխաներին հասանելի վայրերում։
Հիշե՛ք՝ ծնողների անտեղյակությունն ու անփութությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։