Հասարակություն

Ինչո՞ւ է «Երկիր մեդիան» դադարեցրել հեռարձակումը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։ Ըստ մամուլում  տարածված լուրերի՝ պատճառը ֆինանսական խնդիրներն են։

Հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռ ապրիլի 30-ին էր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել, որ բովանդակային և ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես կդադարեցվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։

Եսայանը հերքեց ֆինանսական խնդիրների մասին լուրերը՝ նշելով. «Ֆինանսական որևէ պարտավորություն չունենք, բացի ընթացիկ գործունեության հետ կապված ֆինանսական հարցերից։ Աշխատակիցների նկատմամբ ֆինանսական պարտավորություն չունենք, ունենք ընթացիկ պարտավորություններ․ այդքան բան»։

Նրա խոսքով՝ բովանդակային ու ծրագրային վերաիմաստավորման վրա են աշխատելու․ «Փորձելու ենք ինչ-որ չափով ռեբրենդինգ անել․ սովորական պրոցես է։ Լրատվամիջոցները փորձում են մեր անվան շուրջ ինչ-որ բան սարքել, ինչը զարմանալի է»։