Հասարակություն

ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը

Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի կազմաքանդման համատեքստում Հայաստանում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկյան Orbis Operations ընկերությունը։

Վերջինիս հեռանալու պատճառները խորքային են և կապված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին ղեկավար կազմի՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, գործողությունների հետ: Մասնավորապես, «Orbis»-ում  կասկածներ են ունեցել ընկերության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ:

Ի դեպ, նրա կենսագրությունը բավական հետաքրքիր է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության վերլուծաբան, ապա՝ «Մոդուլ» շինարարական ընկերության տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում արտաքին կապերի և արարողակարգի վարչության փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սկզբում փորձագետ, ապա՝ փոխնախարար։

Ո՞վ է Orbis Operations-ը

Orbis Operations-ը կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն է, որը տիրապետում է CFW (Cyber Future Works) ընկերության 51% բաժնեմասին: Այս բաժնեմասը ձեռք է բերվել՝ ներդնելով մոտ 5.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնոլոգիաներ: Ընկերությունն ունի մոտ 300 բարձրակարգ մասնագետ, որոնց աշխատանքը համակարգում է Թիմ Վան Նեյմը՝ CFW-ի խորհրդի անդամը:

Վան Նեյմը մասնագիտական կարիերան սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում (NSA), այնուհետև աշխատել է Սպիտակ տանը՝ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: Նա համակարգել է կիբերանվտանգության աշխատանքները Սպիտակ տան և դրա ենթակայությամբ գործող 12 կառույցների միջև:

Orbis Operations-ը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում ԱՄՆ բանակին, Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), NSA-ին, ինչպես նաև Քաթարի, Թայվանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ու մասնավոր կառույցներին:

Orbis Operations-ի գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը ունեցել երկու մշտական աշխատակից: Ըստ տեղեկությունների՝ 2023թ. վերջին «Orbis»-ի նրանք հեռացան ՀՀ-ից՝ մտահոգություն հայտնելով, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, որն այդ պահին արդեն որոշակի ներգրավվածություն ուներ ընկերության աշխատանքների համակարգման գործում, կարող էր կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված տարաբնույթ հրապարակումները՝ Radar Armenia-ն ավելի վաղ մանրամասն անդրադարձել էր խնդրին` արձանագրելով, որ հիմնադրամի ձախողումը պայմանավորված էր ոչ թե արդյունավետության պակասով, այլ անպատասխանատու կառավարմամբ և արտաքին ապակառուցողական միջամտություններով: ԱՆԻՖ-ը չվերակազմավորվեց կամ չփոխարինվեց նոր կառույցով, այլ դարձավ անգործունակ՝ չեզոքացնելով նախկինում արձանագրված ձեռքբերումները:

Կիբերանվտանգության մասնագետների հեռացում

CFW-ում աշխատող կիբերանվտանգության մասնագետները, որոնք ստանում էին բարձրակարգ կրթություն և կիրառում էին առաջատար տեխնոլոգիական լուծումներ, 2024 թվականի մայիս-հուլիս ամիսներին ևս լքել են կազմակերպությունը: Նրանք նշել են, որ նոր ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Մինչև 2023 թվականի վերջը CFW-ում աշխատում էր 12 մասնագետ, որոնք զբաղվում էին կիբերանվտանգության ոլորտում նորարարական նախագծերով: Ընկերությունը համագործակցություն էր հաստատել հայկական մի շարք բանկերի, Սոցիալական ապահովության նախարարության և ՀայՓոստի հետ՝ առանց պաշտոնական պայմանագրերի, նպատակ ունենալով ապահովել նրանց կիբերանվտանգությունը:

Այս խնդիրների պատճառով Orbis Operations-ը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում։ Այն պաշտոնյաները, որոնց հետևողական ջանքերի արդյունքում կազմաքանդվեց ԱՆԻՖ-ը, արդյո՞ք այժմ իրենց պատասխանատու են համարում նրա համար, որ անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող ու բարդ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանը իրեն ճոխություն կարող էր թույլ տալ անարգել «Orbis»-ի պես ընկերությանն ու տապալել լայն հեռանկարներ բացող համագործակցությունը։ Ընդ որում, «Orbis»-ը իր գործունեությունը դադարեցնում է վերջնականապես։