Հասարակություն

Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում շահառուն կարող է ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով կարող է հիմնել շուրջ 20 հա ջերմատուն, իսկ ինտենսիվ այգեգործության ծրագրով նպաստում ենք մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։ Գործող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը կազմում է առավելագույնը 250,0 մլն դրամ և լիզինգառուներին հնարավորություն չի տալիս ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել։

Որոշման ընդունումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում նույն լիզինգառուին ձեռք բերել մինչև 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ, ինչը կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման և ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը։