Հասարակություն

«Պետության կայունությունն ու զարգացումն սկսվում է հզոր տնտեսությունից». Պապոյան

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։

Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին և մի շարք այլ կարևոր թեմաների։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկման ընթացքում Գևորգ Պապոյանը շեշտել է, որ տնտեսությունը պետության զարգացման հիմքն է․ «Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում է հզոր տնտեսությունից։ Առանց դրա հնարավոր չէ ունենալ զարգացած գիտություն, ուժեղ բանակ, կրճատել աղքատությունը և ապահովել համապարփակ առաջընթաց»։

Հանդիպումն անցել է բաց և անկաշկանդ մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների տեղեկացվածության բարձրացմանը տնտեսության ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունների վերաբերյալ։