Հասարակություն

Անձրևը Քաղցրաշենում լցվել է տներ, վնասել արտադրական տարածքներ

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում այս ամիս տեղացած կարկուտից վնասվել են շուրջ 120 հեկտար մակերեսով այգիներ: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանը:  

«Ամսի 5-6-ի կարկուտից է վնասներ եղել, շատ ուժեղ կարկուտ է եղել, գյուղի մի հատվածը շատ ուժեղ վնասվել է: Ծիրան, խաղող, դեղձ, բանջար… Լիովին վնասված տարածքը մի 120 հեկտար է, մի 200 հեկտարի մասով էլ 30-40 տոկոսով է տուժել»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

Նրա խոսքով` հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է գնահատի վնասի իրական չափերը: 

«Եկել են գյուղ, բնակիչներն էլ են ընդգրկվել, ամբողջ տարածքները գույքագրել ենք, նախարարն էլ այցելեց մեզ, խոսք են տվել օգնեն», նշեց Խալաթյանը: 

Վերջին օրերին տեղացած անձրևները ևս մեծ վնաս են հասցրել գյուղին:

«Արտադրական տարածք ունենք, սելավը իրենց տարածքներն է քանդել, լցվել բնակիչների հողատարածքներ, տներ է լցվել: Գույքագրում ենք անելու, ամեն մեկին անհատական մոտենանք, որոշենք՝ ինչ պետք է անել,- նշեց նա: 

Անժելա Պողոսյան