Հասարակություն

Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI-ի ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։

Այնուհետև կայացել է Mistral AI ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով: Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային AI միտումներին, AI-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, AI-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, AI մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերլուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության (AI) ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին: