Հասարակություն

Մերձավանի դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ պարզաբանումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի մսին։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։

Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»։

Հիշեցնենք՝ երեկ Մերձավանում դասադուլ էր. ծնողներն ու ուսուցիչները բողոքում էին պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից, ասելով, թե նա վիրավորում է աշակերտներին և ուսուցչական անձնակազմին, ոչ պարկեշտ արտահայտվում արցախցիների մասին։ Դավթյանն ասել է, թե դպրոցի ամբողջ անձնակազմը, ծնողների ու աշակերտների հետ միասին, դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից։