Հասարակություն

Կալանքը պատի՞ժ, թե՞ խափանման միջոց. դեպքերն աճել են

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է կալանքի, որպես խափանման միջոցի, կիրառման դեպքերի աճ. դատարաններն սկսել են ավելի հաճախ բավարարել քննիչների՝ կալանքի միջնորդությունները: Այս միտումը հաստատվում է պաշտոնական վիճակագրությամբ։ Այս մասին բարձրաձայնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Վիճակագրական տվյալներ

Ըստ ՀՀ դատախազության հաշվետվության՝ առաջին ատյանի դատարաններում կալանքի միջնորդությունների վերաբերյալ հետևյալ պատկերն է՝

2024 թվական՝ ներկայացվել է 2282 միջնորդություն, բավարարվել է 2013-ը (88.2%):
2023 թվական՝ ներկայացվել է 2040 միջնորդություն, բավարարվել է 1559-ը (76.4%):
2022 թվական՝ ներկայացվել է 1599 միջնորդություն, բավարարվել է 1207-ը (75.5%):

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարում կալանքի միջնորդությունների թիվն ու բավարարված միջնորդությունների տոկոսային մասնաբաժինն աճել են:

Պատգամավոր Արսեն Թորոսյանն, անդրադառնալով այս միտումներին, իր ելույթում նշել էր, որ դատապարտյալների թիվը կալանավորների թվից քիչ է, այնինչ աշխարհում հակառակ տենդենցն է. «Սա չի՞ վկայում, որ աշխատանքի իմիտացիա է տարվում: Իրական աշխատանքը պետք է ուղղված լինի հանցագործության ապացուցմանը, ապացույցների հավաքագրմանը և միայն, դրանից հետո, մեղադրանքի առաջադրմանը»:

Թորոսյանի կարծիքով՝ կալանքը վերածվել է մինչդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու միջոցի։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, կալանավորումը պետք է կիրառվի ծանր հանցագործությունների դեպքում, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը մեծ չէ:

«Ցավոք, դատարանները չեն ապահովում արդարադատություն այս հարցերում: Արատավոր պրակտիկան, երբ քրեական գործերով դատարանները, որպես կանոն, բավարարում են քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները՝ առանց լուրջ քննության, շարունակվում է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության մասին օրենսգրքով նախատեսված են խափանման միջոցների բավական լայն ընտրանի»,- Radar Armenia-ի հետ զրույցում նշեց  նա: Սաքունցի կարծիքով, խնդրի հիմնական պատճառն այն է, որ վեթինգ չի իրականացվել, և արդյունքում իրական արդարադատություն չի ապահովվում: