Մայիսի 7-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա․ Նասիբյանը։ Դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանքը։
Նասիբյանը, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալվել էր ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։
Հայտնի է, որ բժշկի առանձնասենյակում քննչական գործողություններ իրականացնելու պահին գտել են 270 հազար դրամ։ Ըստ որոշ տեղեկությունների, դա պացիենտի աղիների վիրահատության ժամանակ անհրաժեշտ դետալ ձեռք բերելու գումարն է եղել։
Ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն այս դեպքում որպես խափանման միջոց պահանջել կալանքը, ոչ թե անազատության հետ չկապված այլ խափանման միջոց։ Տվյալ դեպքում որքանո՞վ էր անհրաժեշտ ազատությունից զրկել անձին, արդյո՞ք դատարանը պատշաճ քննության առել է այս հարցերը։
Դեպքին Ազգային ժողովում անդրադարձավ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հարց ուղղելով հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։
«Սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն, տասնապատիկից երեսնապատիկի չափով։ Ըստ մամուլի՝ բժիշկը վերցրել է 270 հզ․ դրամ, որը չի մտնում պետպատվերի մեջ, և իր հանցանքն, ըստ էության, այն է, որ կամ ՀԴՄ չի տպել, որովհետև գումար է վերցրել, կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպել, կամ այդ գումարը պետք է պացիենտը վճարեր այդ վաճառող կազմակերպությանը և տար բժշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։ Հիմա բժիշկը կալանավորվել է 2 ամսով։ Ես հիմա չեմ ուզում դատարանի որոշումը կասկածի տակ դնել։ Ինձ հետաքրքիր է՝ ինչու՞ եք հայցել կալանք, ինչու՞ է քննիչը այս դեպքում, երբ դատարանը կարող է դատապարտել, օրինակ, տասնապատիկ տուգանքի, հայցել կալանք, և այդ մարդը հիմա կալանքի տակ է»,–ասաց Արսեն Թորոսյանը։
Արթուր Նահապետյանը նշեց, որ կա հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով հայտնել է, որ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց։
«Ինչ վերաբերում է խափանման միջոցին, այն կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն հոդվածի սանկցիայով: Միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ պահին տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները»,- ասել է նա՝ հավելեով, որ տվյալ դեպքում մեղադրյալը կալանավորվել է 1 ամսով։
Արսեն Թորոսյանը հակադարձեց. դրա համար այլ գործիքներ կան, օրինակ, փաստաթղթերի բռնագրավում, պաշտոնավարման կասեցում, ընդհուպ մինչև՝ տնային կալանք, թեև տնային կալանքն էլ հասկանալի չէ:
«Քննությունից խուսափելու փորձեր եղե՞լ են, թե՞ ոչ, կրկնակի հանցագործության փորձեր եղե՞լ են, այդ ազդեցությունը ո՞նց է գնահատվել, որ հաստատ ազդելու է։ Այդ մարդը ունի՞ քրեական անցյալ, ռեցիդիվի՞ստ է, ամեն օր ինչ-որ քրեական հանցագործությո՞ւն է իրականացնում, որ քննիչը գնացել է այդ քայլին»,– նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ երբ նայում ենք վիճակագրությունը, ստացվում է, որ կա ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ։
«Դա խոսում է այն մասին, որ կալանքները անհամաչափ են օգտագործվում, և չարաշահվում է այս ինստիտուտը։ Կարծես թե, Հայաստանում կալանքը վերածվել է մինչդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու գործիքի»,– ԱԺ–ում հայտարարեց Թորոսյանը։