ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին հիշեցրեց նրա խոսքերը, թե «սույն անձի վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ ինքը ե՞րբ պիտի դատապարտվի, այդ քրեական գործերը ե՞րբ պետք է հարուցվեն։
Մանասյանը նշեց՝ չգիտի՝ երբ է այդ խոսքն ասել, իսկ մեջբերվածը ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունն է։
«Դուք քաղաքական գործիչ լինելուց զատ՝ առաջին հերթին տղամարդ եք, և չեմ կարծում, որ այս թեման այսքան շահարկելու կարիք կա՝ այն պայմաններում, որ թե իմ, թե իմ աշխատակազմից յուրաքանչյուրի հետ կարող եք կապվել և թեմայի վերաբերյալ բոլոր խնդրահարույց կետերը քննարկել»,- նշեց Մանասյանը։
Դանիելյանը վրդովվեց. «Պետք չէ հիշեցնել ինձ, որ տղամարդ եմ, ես էլ Ձեզ կարող եմ հիշեցնել, որ կին եք․ էդ ի՞նչ ասելու բան է՝ «տղամարդ եք»,- նշեց նա։
«Ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են սպառնացել տարբեր բաներով, ոչ միայն՝ քրեական գործերով։ Ես դրա մասին չեմ խոսում»,- ասել է Մանասյանը՝ նշելով, որ էթիկական վեհ ստանդարտների պահպանման կոչ է անում։