Հասարակություն

Մարմարիկ գետում շարունակվում են 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները

Այսօր՝ մայիսի 11-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կմ-անոց երկայնքով շարունակվում են Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և նույն կենտրոնի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ-փրկարարները՝ կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։

Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։ 

Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում՝ «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» մեծ թվով անդամներ։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» անդամները վտանգում են իրենց կյանքը։

Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 07:30-ից վերսկսել էին մայիսի 4-ին Մարմարիկ գուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները: