Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ:
Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Տարբեր երկրներից ժամանած դատավորները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրեց Հուշապատի հետնամասում տեղադրված հուշաքարերի պատմությունը ևս: Այդ հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դատավորների եվրոպական միության անդամները Հիշողության պուրակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկեցին արծաթափայլ եղևնի, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։