Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցում՝ քարերի և երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Գ. Եփրեմյանը և պարեկներ Ավետիք Պետրոսյանը, Վահե Հարությունյանն ու Վարդան Նիկոլյանը մագլցում են դեպի այդ հատված, որտեղ էլ հայտնաբերում են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու: Տեղում պարեկները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ու մինչ դեպքի վայր կժամանեին շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4-րդ փրկարարական ջոկատի հատուկ փրկարարները, պարեկները իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում վիրավորին, ապա ժամանած փրկարարները պարեկների հետ հատուկ ճոպաններով վիրավորին պատգարակով մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութուն են ցուցաբերում, ապա տեղափոխում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են: Բժիշկները նշում էին, որ եթե մի փոքր ուշ նկատած լինեին նրան, ապա հնարավոր էր՝ արևից ուշագնաց լիներ, ինչը նաև կարող էր ծանր հետևանքներ ունենալ նրա համար: