Հասարակություն

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ. ՆԳՆ

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։

Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները և պետական մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից։

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, կնպաստի արդյունավետ պետական կառավարմանը, անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է հանրությանը որակյալ ծառայությունների մատուցումը, ըստ այդմ՝ արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունը էական դեր կկատարի քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար։