Քաղաքացիներն, անկախ տարիքից, կկարողանան դիմել և համալրել ՔԿՀ ծառայողների շարքերը․ կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Փաշինյանն, ի պատասխան, հարց ուղղեց՝ 65 տարեկան անձը կարո՞ղ է դիմել ու աշխատանքի անցնել։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն արձագանքեց՝ 65 տարեկան անձն արդեն կենսաթոշակային տարիքի շղթայի մեջ է։
Փաշինյանը նշեց, որ խնդիրն այն է՝ ինչքանով է հնարավոր անձի ֆունկցիոնալությունն օբյեկտիվ գնահատել․
«Ընդհանրապես, տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև մարդն այդ ֆունկցիոնալությունը կարող է կորցնել 57 տարեկանում, 38, 43 և այլ տարիքներում։ Բա մենք ժողովրդավարության ռազմավարության մեջ ասում ենք՝ պետք է մարդկանց ներգրավենք, հետո գալիս, ասում ենք՝ համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ քննարկել են թոշակի հետաձգման մեխանիզմ ներդնելու և թոշակի տարիքի անձանց աշխատանքի մեջ ներգրավելու հնարավորությունների հարցերը։ Վարչապետը նաև նշեց, որ պետք է ճկուն լինել նման հարցերում։
«Պրոբլեմ է, որ մենք ֆունկցիոնալություն ունեցող տարիքով մարդուն չգնահատենք, չներգրավենք»,- նշեց նա։