Հասարակություն

Քննարկվել է DAB+ մոդելների ներդրման հնարավորությունը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին՝ Լինդսի Քորնելին (BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ) և Ուիլյամ Ջեքսոնին։

Հանդիպմանը քննարկվել են թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման՝ մասնավորապես DAB+ (Digital Audio Broadcasting Plus) հեռարձակման ցանցի պատկանելիության մոդելները, թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման միջազգային փորձը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները և բնակչությանը թվային ռադիո ընդունիչներով ապահովելու ուղղությամբ վարած քաղաքականությունն ու փորձը, շուկայում հաջողությամբ ներդրված կարգավորումներն ու սահմանափակումները, արտակարգ իրավիճակներում ազդարարման համակարգի ներդրման, եթերի պաշտպանվածության՝ մասնավորապես այլ երկրներից ռադիոհաճախականությունների ներթափանցման կանխարգելմանը նպաստող մի շարք հարցեր:

Ընդգծվել է, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ ոչ միայն ժամանակակից, այլև պաշտպանված ու ճկուն ռադիոհեռարձակման համակարգ՝ հասանելի հանրության լայն շրջանակներին։ Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվել է փոխգործակցության անհրաժեշտությունը և հետագա անելիքների շրջանակի ձևավորումը։