Հասարակություն

Ի՞նչ կատարվեց ԱՆԻՖ-ի հետ. իրական արդյունքների մասին

Վերջին տարիներին Հայաստանի ներդրումային հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի  գործունեությունը դիտավորյալ ներկայացվել է որպես «անարդյունավետ»՝ կենտրոնանալով ծախսերի վրա և անտեսելով ապահովված ներդրումային հոսքերը:

Radar Armenia-ն ներկայացնում է ԱՆԻՖ-ի իրական գործունեության և դրա կազմաքանդման մանրամասները:

Եւ այսպես, ԱՆԻՖ-ը, պետական հիմնադրամ լինելով հանդերձ, գործել է որպես բիզնես՝ առևտրային սկզբունքներով:

Այս ընթացքում հիմնադրամը 4.13 մլրդ ՀՀ դրամ պետական ֆինանսավորմամբ ապահովել էր այդ գումարի 21.36-ապատիկ ներդրումային հոսք, վճարել ավելի մեծ հարկեր:

Դրա խարխլումն ու կազմաքանդումը տեղի ունեցավ համակարգային սխալների, ոչ կոմպետենտ միջամտությունների և անպատասխանատու որոշումների հետևանքով:

ԱՆԻՖ-ի հաջողությունը մեծապես պայմանավորված էր միջազգային կապերով ու փորձառու մասնագետների ներգրավմամբ:

Մինչդեռ, Վահան Քերոբյանի քաղաքականության արդյունքում կառույցի ղեկավարությունը փոխարինվեց կասկածելի որակավորմամբ կադրերով: Փոփոխությունները չընդունելով՝ հրաժարական տվեցին՝

  • ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Դոմինիկ դե Վիլպենը (Ֆրանսիայի նախկին վարչապետ),
  • Իսիդորո Լուչիոլան (ներդրումային ոլորտի ազդեցիկ գործիչ),
  • Ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին (Uber-ի առաջին ներդրողներից մեկը):

Հիմնադրամի անկախությունը խաթարվեց, արդյունավետ կառավարման համակարգը փոխարինվեց անկարող թիմով, կորսվեց միջազգային գործընկերների վստահությունը:

ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքները

Ըստ փաստական տվյալների, ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքները ներառում են՝

  • 210 մլն ԱՄՆ դոլար (81.06 մլրդ ՀՀ դրամ) օտարերկրյա ներդրում,
  • 6.9 մլրդ ՀՀ դրամ տեղական ներդրում և 900 մլն ՀՀ դրամ մասնավոր համաներդրում,
  • 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկեր՝ 2021-2024 թթ.,
  • 800+ նոր աշխատատեղ,
  • ARFI ներդրումային հարթակի ստեղծում:

Հիմնադրամի գործունեության ընթացքում պետական ֆինանսավորումը քանիցս ուշացվել է: Դրանով հանդերձ՝ ԱՆԻՖ-ը կարողացել է պահպանել բնականոն աշխատանքը:

Կազմաքանդման պատճառները

ԱՆԻՖ-ը ձախողվեց ոչ թե իր արդյունավետության պակասի, այլ անպատասխանատու կառավարման ու ապակառուցողական միջամտությունների պատճառով: Այն չբարեփոխվեց կամ չփոխարինվեց ավելի արդյունավետ կառույցով, այլ պարզապես վերածվեց անգործունակ միավորի՝ զրոյացնելով նախկին ձեռքբերումները:

  • Փորձառու ղեկավարների հեռացումն ընդհատեց ներդրումային կապերը:
  • Նոր թիմը չուներ անհրաժեշտ փորձ, ինչը հանգեցրեց կառույցի կազմալուծմանը:
  • Քաղաքականացված քարոզչությունը ԱՆԻՖ-ը ներկայացրեց որպես անարդյունավետ՝ ի հեճուկս փաստացի տվյալների:

Այնպես որ, ԱՆԻՖ-ի կազմաքանդումը համակարգային սխալների, ոչ կոմպետենտ ղեկավարության և անպատասխանատու որոշումների արդյունք էր:

Չնայած ներդրումային զգալի հոսքերին և տնտեսական ձեռքբերումներին, հիմնադրամը դարձավ քաղաքական միջամտությունների զոհ՝ կորցնելով իր անկախությունն ու միջազգային վստահությունը: Այս գործընթացը ցույց է տալիս արդյունավետ կառույցների կառավարման և պահպանման կարևորությունը՝ հանուն երկրի տնտեսական զարգացման: