Կարկուտի հետևանքով տուժել են Արտաշատ համայնքի գրեթե բոլոր գյուղերը. Radar Armenia-ն տեղեկացավ Արարատի մարզպետարանից։
«Այս պահին վնասները գույքագրված չեն, հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք էլ կզբաղվեն դրանով։ Համայնքը տվյալները կուղարկի մեզ, մենք էլ կուղարկենք հանձնաժողով, որով էլ արդեն Կառավարությունը կորոշի՝ ինչ պետք է անել»,- հայտնեցին մարզպետարանից։
Մայիսի 5-ի կարկուտի հետևանքով տուժել են Արտաշատ համայնքի գրեթե բոլոր գյուղերը, մայիսի 6-ի կարկուտի հետևանքով՝ Մասիսի Ջրահովիտ գյուղը։ «Մենք գնալու ենք գյուղեր, բոլոր տեղերով անցնենք, գույքագրումը տեղում անենք։ Նշված տարածքներում ծիրանի այգիներ շատ կան, դրանք են տուժել, մնացածի մասին կկարողանանք ասել վնասի գույքագրումից հետո»,- տեղեկացրին Արարատի մարզպետարանից։
Էկոնոմիկայի նախարարությունից ևս նշեցին, որ համայնքներից դեռևս չեն ստացել վնասների մասին հավաքագրված տվյալներ.
«Համայնքների կողմից պետք է կատարվի վնասի գնահատում, այդ տվյալները փոխանցվեն նախարարություն։ Ինչ վերաբերում է ապահովագրություն ունեցողներին, նրանք կստանան հատուցում»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասացին նախարարությունից։
Անժելա Պողոսյան