ԱԺ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը։ Այժմ ԱԺ-ն քննարկում է այս հարցը։ Հիշեցնենք՝ Հարությունյանը եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար, իսկ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո նախարարի պարտականություններն է կատարել։
«Իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և իրականացրած գործունեության ոլորտից, իմ անունը երբևէ չի ստվերվել կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, կասկածով, կամ անգամ, ակնարկով։ Միշտ համարել եմ, որ իմ վարքը պայմանավորում է ինձ ճանաչող անձանց շրջանակներում պետական պաշտոնյայի նկատմամբ վերաբերմունքը, և մշտապես փորձել եմ լինել օբյեկտիվ, արդարամիտ, չկորցնել մասնագիտական անկախությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոններ եմ զբաղեցրել»։
Նա նաև ասել է, որ այս պաշտոնում երկար է պատկերացնում իրեն, որքանով օրենքը թույլ կտա․
«Անկախ նրանից, թե ումից ես հաղորդագրություն, հեռախոսազանգ կստանամ, բարեհաճ զրույց կստանամ, կամ որևէ կերպ ինձ կտեղեկացնեն, որ ինձ հետ աշխատանքը ցանկալի չէ որևէ մարմնում, որտեղ էլ ես աշխատեի, ես իմ որոշումը կայացնում եմ՝ միայն հաշվի առնելով իմ անձնական նպաստը բերելու անհրաժեշտությունը տվյալ մարմին։ Եթե կարծում եմ, որ այլևս ոչինչ չեմ կարող տալ այդ մարմին, ես հեռանում եմ․ այդպես եղել է նաև նախորդ պաշտոնը թողնելիս»։