Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Արտաշատի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են: