Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։
«Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։
Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։
Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։
Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն»: