Հասարակություն

Որտեղ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի գովազդի տեղադրումը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նշվել է, որ այն բացասաբար է ազդում նաև Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ մինչև  երկրորդ ընթերցմամբ քննարկումը խաղային ոլորտը կանոնակարգելու նպատակով կկատարվեն ևս մի շարք փոփոխություններ:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դիտարկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը՝ երկու օրենքների միջև առկա հակասությունները շտկելու համար:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: