Ապրիլի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել, և արդեն ժամը 16:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։ Տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, դժբախտ պատահա՞ր, թե սպանություն, պարզվում է։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։