Հասարակություն

Կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:

Քննարկվել է ««ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ: «ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ մենք ունենք հետևյալ հարկային ռեժիմը՝ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնելիս երկրների միջև ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, տուրքերից և վճարներից, բացառությամբ այն տուրքերից և վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաև տվյալ երկրի փոխադրողներից: Արձանագրությամբ առաջարկվում է Ղազախստանի Հանրապետության հետ ևս նման ռեժիմ կիրառել»,- ասել է Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ արձանագրությունը, որ մշակվել և փոխհամաձայնացվել է գործընկեր երկրի համապատասխան մարմինների հետ, ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: