2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին տվել է 5 նախազգուշացում:
Գեղամ Գևորգյանը նաև խոսել է մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների մասին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլև կանխարգելիչ՝ որոշիչ դառնալով օրենքների և որոշումների կայացման գործընթացում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին» նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ աշխատանքները դեռևս շարունակվում են:
«Երբ ունենանք «Էլեկտրաէներգետիկայի մասին» ու «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին» նոր օրենքներ, դրանք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրում էներգետիկ բարեփոխումների երկրորդ փուլի համար»,- ասել է զեկուցողը՝ հավելելով, որ լրամշակվել են նաև հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, որոնք ուղղված են էներգետիկ բնագավառի կարգավորմանը:
Անդրադառնալով բարեփոխումներին՝ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ հաշվետու տարում շարունակվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված գործընթացը, ինչն սկսվել էր դեռևս 2004 թվականին:
Զեկուցողը հաջորդիվ ներկայացրել է ազատականացման արդյունքում ոլորտում արձանագրված արդյունքները:
Հանձնաժողովը հաղորդումներն ընդունել է ի գիտություն: