Հասարակություն

236 մլն եվրո վարկ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածի կառուցման համար

ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 236 մլն եվրո վարկի համաձայնագիր կվավերացվի: Նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: 

Դիմակայուն և ներառական տնտեսական միջանցքի բարելավման ծրագրի համար վարկ տրամադրելու մասին համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանին աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (հասնելով շուրջ 100 կմ/ժ-ի), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236 մլն եվրո: 

Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Հայաստանի կողմից: