Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման, տնտեսական, կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց կատարման ժամկետները: Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ:
Կարևորելով մարզային բժշկական կենտրոնների վերազինման գործընթացն ու ծառայությունների ընդլայնումը` առաջին փուլով մարզային 5 կենտրոն կհամալրվի համակարգչային շերտագրման սարքով (ԿՏ):
Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ նախարարության կադրային ամբողջ ռեսուրսը պատրաստակամ է մարզային բժշկական կենտրոններին տրամադրելու համակողմանի աջակցություն»,- ասվում է հաղորդագրությունում: