«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով:
Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Փոխնախարարը նշել է, որ «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է արգելելու, սահմանափակելու կառավարման կարգավիճակ: Նմանատիպ ինստիտուցիոնալ միավորներն աշխարհում կոչվում են հնագիտական վայր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջինների կառավարման և պահպանության կարգավիճակից:
Ինչ վերաբերում է «հնավայր» բառին, ապա այն համապատասխան բառարանում սահմանված է որպես հնությունների՝ հին հուշարձանների, ինչպես նաև հնագիտական պեղումների վայր:
Փաթեթով առաջարկվող այլ փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է վերացնել օրենքներում առկա հակասությունները:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին: