Հասարակություն

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են. Անդրեասյան

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։

Գիտաժողովի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը: Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ թե՛ խաղաղ, թե փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որ մենք տածում ենք դեպի Ֆրանսիայի Հանրապետությունը և հանրությունը, համընդհանուր է: Ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և անընդհատ զարգացող հարաբերությունների համար»:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական համագործակցությունն այսօր ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ. «Ֆրանսիան շատ կարևոր գործընկեր է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում: Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեր համագործակցությունը նոր հորիզոններ է բացել՝ ամրապնդելով մշակութային և լեզվական կապերը: Այդ իմաստով հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում՝ ազդարարելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակումը: Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջամարտիկը՝ հանդես գալով համագործակցության հարթակ հետաքրքիր, բազմազան և բազմակող քննարկումների համար»:

Նա կարևորել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների և այլ հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքումը, որը հիմք կհանդիսանա հետագա համատեղ ծրագրերի համար: Երկկողմ համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է կարողությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ գրադարանային ոլորտում համագործակցությունը պետք է ուղղվի նաև տեխնոլոգիական զարգացմանը: