Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք է հայտնել վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Սրբություն Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձել է Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքերին՝ կարևորելով քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախագահը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Մայր Տաճար, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և երկու երկրների դեսպանները: