Հասարակություն

Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի և Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երեխան գետն է ընկել  ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։ Ցավոք, ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահը։Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ Շամշյանի տեղեկություններով, երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է։