Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։
Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։
Փրկարար ծառայությունից նաև կապ են հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ և համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, այսպես ասած որպեսզի ջուրը նստի ու թե՛ փրկարարներին, թե՛ ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարելը։