Հասարակություն

Պապոյանը շնորհավորել է անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ

Ապրիլի 26-ին Հայաստանում նշվեց Անասնաբույժի միջազգային օրը։

«Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտանգության երաշխավորներ» խորագրով համաժողովին մասնակցեցին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լաուբլին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներ ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարար Գևորգ Պապոյանը, շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ նրանց աշխատանքը միտված է ոչ միայն կենդանիների առողջության պահպանմանը, այլ նաև հանրային առողջությանը, պարենային անվտանգությանը. «Առանց անասնաբուժության երկրի տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ, ձեր դերը շատ կարևոր է մեր երկրի համար»,- նշեց նախարարը։

Համաժողովի ընթացքում շեշտվեց միջազգային համագործակցության կարևորությունը ոլորտի զարգացման գործում։ ՌԶԳ ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ստեղծվել են շուրջ 100 անասնաբուժական կետեր՝ սպասարկելով ավելի քան 200 բնակավայր։ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում դուալ ուսուցմամբ անասնաբուժություն ներդրվել է հինգ քոլեջում, և այժմ 120-ից ավելի ուսանողներ նախապատրաստվում են որպես ոլորտի նոր մասնագետներ։

Տեսաուղերձներով հանդես եկան Դաբաղի դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի ղեկավար ներկայացուցիչներ՝ շնորհավորելով հայ գործընկերներին։
Ներկայացվեցին ոլորտային ծրագրեր, ձեռքբերումներ ու մարտահրավերներ։

Բազմաթիվ անասնաբույժներ և համաճարակաբաններ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշանվերներով։

Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համագործակցությամբ, ՄԱՎԵՏԱ ծրագրի աջակցությամբ։