Ապրիլի 26-ին Երևանում էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում շտապօգնությունը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Կարեն Ս.-ն է:
Պարզել են նաև, որ ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Սևակ փողոցի 11 հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում Երևանի բնակիչ, 34-ամյա Մարտուն Բաղդասարյանի կողմից շահագործվող Zoomlion ավտոկռունկով (կռան) աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոկռունկի շրջվելու հետևանքով Կարեն Ս.-ն մնացել է կռունկի և շենքի հիմքի համար քանդված փորվածքի միջև, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Աղբոյւրի տեղեկություններով՝ Մարտուն Բ-ն աշխատում է «Իմ Շին» ՍՊԸ-ում՝ որպես կռունկավար, իսկ վիրավոր Կարեն Ս.-ն նշված ՍՊԸ-ում՝ որպես աշխղեկ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: